«Ատամհատիկ» ուսումնական փաթեթ

Ատամհատիկը հին հայկական ժողովրդական ծես է: Այն ունի համամարդկային բնույթ: Աշխարհի տարբեր մասերում, ըստ ժողովուրդների մշակույթների, նշվում է տարբեր կերպ: Այն ունի պտղաբերության և առատության խորհրդանիշ:
Մարդու կյանքը՝ ծնունդից սկսած մինչև մահ, ուղեկցվում և ֆիքսվում է ծիսական տարբեր արարողություններով: Ատամհատիկը երեխայի առաջին քայլերը բնութագրող ծեսն է, որը կոնկրետ ժամանակագրություն չունի:

Ատամհատիկը Հայաստանի տարբեր մարզերում տարբեր անվանումներ ունի. օրինակ՝ Շիրակում, Ջավախքում՝ Ակռահատիկ, Մուշում՝ Ակվասորիկ, Սյունիքում՝ Ատամսուրիկ, Սիսիանում՝ Կեղքահատիկ, Վայոց Ձորում՝ Կեռահատիկ, Արարատյան դաշտում Հատիկ կամ Ատամ սուր, Ղարաբաղում՝ Կճեշաղ:
Ատամհատիկը ծիսակատարության մի ամբողջ համակարգ է: Նորածնին նստեցնում են սեղանի վրա, շրջապատում հարազատներով, գլուխը ծածկում կտորով և լցնում խաշած ցորենի, լոբու, գարու, սիսեռի հատիկներ, քաղցր պտուղներ: Հատիկեղենը խորհրդանում են առողջություն, հաջողություն, կյանքի հաջող ընթացք, պտղաբերություն և առատություն:
Երեխայի առաջին ատամ հանելու հետ կապված բազմաթիվ գուշակություններ կան: Հետաքրքիր է, որ այսօր ատամհատիկը շեղվել է իր հիմնական առաքելությունից՝ դառնալով մասնագիտություն ընտրելու հիմնական կողմնորոշման միջոց:
Անցյալում մարդիկ ապագա մասնագիտության կողմնորոշման խնդիր չեն ունեցել: Ծեսում կարևորվել է ցորենի հատիկի խորհուրդը, որն առատություն պետք է բերեր և նպաստեր մյուս ատամների հեշտ դուրս գալուն: Այժմ այս ամենը կորել է մասնագիտության ընտրության ստվերում: Մարդիկ այսօր գտնում են, որ եթե առաջին ատամը դուրս գալուց հետո երեխան կարող է կոշտ սնունդ ուտել, ապա կարող է նաև իր ապագան ընտրել՝ կանխագուշակել: 
Ըստ ազգագրագետ Սամվել Մկրտչյանի՝ ծեսի ժամանակ երեք պարտադիր իր էր դրվում երեխայի առջև՝ սանր, հայելի և դանակ: Սանրը՝ որպեսզի հավասարաչափ ատամներ ունենա: Հայելին առատության, բազմապատկվելու խորհուրդ ունի, դանակն էլ սուր, ուժեղ լինելու նշան է: Այսօր շատ քիչ տեղերում է այդ երեք իրերը դնելու ավանդույթը պահպանվել:
Ըստ ազգագրագետ Լևոն Աբրահամյանի՝ 19-րդ դարում երեխայի առջև երկու առարկա էին դնում: Ընդ որում՝ արարողությունը կապվում էր ոչ թե երեխայի ապագա մասնագիտության, այլ ապագա երեխայի սեռի հետ. փոքրիկն իրեն ապագա քույր կամ եղբայր էր ընտրում: Եթե նա դանակ էր վերցնում, դա նշանակում էր եղբայր, եթե սանր՝ քույր:
Արարողությունն անցկացվում է երգերով, պարերով, խաղերով։

Աիդապետրոսյանական ամենամյա «Ատամհատիկ»-նախագիծ

Երեխայի խնամքին առնչվող ազգային, ավանդական սովորություններ

Оставьте комментарий